15 փետրվարի 2020 - 12:07 AMT
Արցախում նախագահի 11 թեկնածու է առաջադրվել

2020թ. փետրվարի 14-ի ժամը 17.00-ի դրությամբ մարտի 31-ին անցկացվելիք Արցախի համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ ԿԸՀ-ն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 11 թեկնածուի գրանցման փաստաթղթեր:

Այսպիսով, գրանցվել են «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը,«Արդարություն» կուսակցություից՝ Վիտալի Բալասանյան, Արցախի Պահպանողական կուսակցությունից Դավիթ Բաբայան, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից՝ Դավիթ Իշխանյանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից՝ Աշոտ Ղուլյանը: Ինքնաառաջադրվել են թեկնածուներից Մասիս Մայիլյանը(Արցախի արտաքին գործերի նախարար), Սերգեյ Ամիրյանը և Քրիստին Բալայանը, «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը, «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից Հայկ Խանումյանը և ինքնաառաջադրված թեկնածու Բելլա Լալայանը։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել Արցախի Պահպանողական կուսակցությունը` 16 թեկնածու, «Միասնական հայրենիք» կուսակցությունը` 62 թեկնածու, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածու:

Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` Ազատ Հայրենիք-ՔՄԴ-ն` 65 թեկնածուով:

ԿԸՀ-ն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ փետրվարի 18-ին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է:

Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններն Արցախում կկայանան մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: