15 փետրվարի 2020 - 12:25 AMT
ԱԳ նախարարը Մյունխենում կարևորել է խաղաղ գործընթացում Արցախի ուղիղ ներգրավվածությունը

Հայաստանը կարևորում է խաղաղ գործընթացում Արցախի իշխանության ուղիղ ներգրավվածությունը՝ հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին: Այդ մասին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է Եվրոպայում անվտանգության և գործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը:

Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում վերջին հանդիպումներին:

Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերակատարման կարևորությունը։

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը՝ թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով: Այս տեսակետից քննարկվել են «Հայաստանի հետ գործակցության» ԵԱՀԿ ծրագրի շրջանակում գործակցությունը և այն առավել արդյունավետ դարձնելու ուղիները։

Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, իսկ վարելու է քննարկումն Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: