15 փետրվարի 2020 - 14:59 AMT
ՊԲ հրամանատար. Վերջին շրջանի դեպքերը ցույց են տալիս` ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում

Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում քննարկել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր:

Քննարկմանը մասնակցել են բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարներ, ծառայողական խորհրդակցությունը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, առանձին-առանձին վերլուծել է կատարված դեպքերը, խոսել դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին։

«Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում»,- ասել է Կարեն Աբրահամյանը:

Խորհրդակցության ընթացքում իրենց նկատառումներն են ներկայացրել նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Բանակի հրամանատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել և կոչ արել ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում լինել առավել հետևողական ու սկզբունքային:

2020-ին հայկական բանակում 13 զինծառայող է մահացել, մի քանի դեպքով քրգործ հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Փետրվարի 14-ին հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող Հայկ Ներսեսի Ասրյանը, փետրվարի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ՊԲ տարբեր մարտական դիրքերում հրազենային վիրավորումից մահացել էին զինծառայողներ Տիգրան Մանվելյանը և Տիգրան Մխոյանը: