Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ-ն բանակցության կողմ չէ, բայց 1994-ին 2 անգամ պայմանագիր է ստորագրել Ղարաբաղի հետ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին բաց հանդիպմանը:
Հանդիպումը սկսվել է երկու երկրի ղեկավարների ներկայացրած պատմական փաստերից. Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է՝ այդ երկրի խորհրդայնացումից հետո», Փաշինյանի հակադարձմամբ՝ Ղարաբաղն անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանը՝ ԽՍՀՄ-ից:
Խոսելով այն մասին, որ Ադրբեջանի նախագահը կոնֆլիկտի պատմությունը ներկայացնելիս հեռուն է գնացել, Փաշինյանն ասել է, որ ինքն էլ ավելի հեռու կարող է գնալ: Նա հիշեցրել է, որ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեյի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և աշխարհում, որն Ադրբեջան կանվանվեր:
Անդրադառնալով կոնֆլիկտի լուծման ադրբեջանական տարբերակին՝ Ալիևն ասել է, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, և առաջին փուլը պետք է լինի «օկուպացված տարածքների ազատագրումը, ադրբեջանցիների վերադարձը և վերաբնակեցումը»:
Ըստ Ալիևի՝ ԼՂ կարգավիճակը կքննարկվի հետագայում և առանց տեղում գործընթացի և «տարածքների ազատագրումը» սկսելու չպետք է գործընթաց սկսվի: Նա նշել է, որ ԼՂ կարգավիճակը չպետք է խանգարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանի տեսակետը ներկայացնելիս, Ալիևն ասել է նաև, որ իրենք ԼՂ-ն բանակցության կողմ չեն համարում, սակայն կարող են, եթե Հայաստանն իր զինված ուժերը հետ քաշի այնտեղից:
Տարածքների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասել է, որ Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, Ղարաբաղի տեսանկյունից՝ անվտանգություն: Փաշինյանի խոսքով՝ ստատուս քվոն ձևավորվել է, որովհետև, երբ ԼՂ-ն փորձում էր ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին տեղի հայերի դեմ: Նրանք հարկադրված են եղել ինքնապաշտպանություն կազմակերպել:
Հայաստանի ղեկավարը նշել է նաև, որ ինքը մակրոհեղափոխություն է արել հակամարտության կարգավորման գործընթացում. ասում է` ՀՀ միակ ղեկավարն է, ով ասել է, թե հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Փաշինյանն ասել է, որ Դուշանբեի հանդիպումից հետո կողմերի միջև հաղորդակցության գիծ է ստեղծվել և դրա համահեղինակներից է նաև Ալիևը։
Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կարող է մի շատ կոնկրետ բան անել՝ հայտարարել, որ հակամարությունը չունի ռազմական լուծում:
Ըստ վարչապետի՝ իր և Ալիևի երկուստեք խնդիրը հարատև և կայուն խաղաղություն ձևավորելն է, և դա ոչ միայն ազգային օրակարգերի խնդիր է, այլև գլոբալ և տարածաշրջանային օրակարգի:
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում: