17 փետրվարի 2020 - 13:46 AMT
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է

Փետրվարի 17-ին մեկնարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: «Այո»-ի շտաբը ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ոչ»-ի շտաբ դեռևս ձևավորված չէ: Ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանրաքվեի քարոզարշավին:

ԿԸՀ-ն հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին:

Ըստ ԿԸՀ-ի՝ սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «Ոչ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացուց բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրությունը ԿԸՀ կարող է ներկայացվել 2020-ի փետրվարի 18-ից:

Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեինք ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնակցել և հաղթել «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթում: Առաջին տեղը զբաղեցրած անհատը կամ ընկերությունը կստանա 3 մլն դրամ: Բաց մրցույթի հաղթողին ընտրելու է «Այո»-ի շտաբը:

Հանրաքվեի քարոզչությունը կավարտվի ապրիլի 3-ին։