18 փետրվարի 2020 - 12:06 AMT
Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի Միլի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյոք գերատեսչությունը հետաքննել է հուղարկավորության ժամանակ սադրանքը և արդյոք հայտնաբերվել են մեղավորները:

Տրապիզոնում հուղարկավորությունից 1 ամիս էլ չանցած անհայտ անձիք պղծել են «Սանտա Մարիա» կաթոլիկ եկեղեցու անդամներից մեկի գերեզմանը: Չարագործները պոկել են հունվարի 18-ին հուղարկավորված Զեհրա Չոլաքի շիրիմին ժամանակվոր ամրացված փայտե խաչն ու այրել այն հենց գերեզմանի կողքին:

Դեպքի վերաբերյալ Տրապիզոնի ոստիկանության վարչություն հաղորդում է ներկայացրել հանգուցյալի այրին, որից հետո հետաքննություն է սկսվել:

Պատգամավորը հարց է հղել նաև այն մասին, թե արդյոք Տրապիզոնում քրիստոնյաների գերեզմանների վրա մինչ այժմ տեղի ունեցած հարձակումների համար որևէ մեկը հայտնաբերվել ու պատժվել է, գրում է Ermenihaber-ը:

Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի և կաթոլիկ հոգևորկան հայր Սանտորոյի սպանություններն իրականացրել են Տրապիզոնի ոստիկանության կողմից ուղղորդվող հանցավոր խմբերը, ու հարցրել՝ արդյո՞ք նշյալ ոստիկանական բաժանմունքում այդպիսի ցանց կա:

Քրիստոնյաների դեմ ուղղված նաև այլ սադրանքներ են եղել Տրապիզոնում՝ նույն անձի հուղարկավորության ժամանակ ու դրանից առաջ: Եկեղեցուց ոչ հեռու գտնվող քրիստոնեական գերեզմանատուն է եկել դիմակավոր մի անձ և փորձել գողանալ այնտեղ բերված խաչը, բայց չի հաջողել: Հուղարկավորության ժամանակ էլ մի քանի հոգուց բաղկացած մի խումբ է հայտնվել, բարձրաձայն արտաբերել «Ալլահ աքբար» արտահայտությունը ու սկսել մահմեդական աղոթք վանկարկել: