18 փետրվարի 2020 - 13:36 AMT
Ryanair-ն առաջարկում է թռչել Հայաստան՝ տեսնելու վարդագույն քաղաք Երևանը

Հայաստանի մայարաքաղաք Երևանը դառնում է Եվրոպայի այն վայրերից մեկը, որը պետք է տեսնել: Ryanair բյուջետային ավիաընկերության մեդիա թիմը ՀՀ այցից հետո իր տպավորություններով է կիսվել «Վարդագույն քաղաք Երևան. հայկական մշակույթը, բարձրորակ խոհանոցն ու ուշագրավ պատմությունը» հոդվածում։

Այցը կազմակերպվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

Հոդվածում Երևանը ներկայացվում է որպես արագ զարգացող քաղաք, իսկ Հայաստանը՝ հետաքրքիր երկիր, ուրույն լեզվով ու ավանդույթներով:

Հայկական քոչարիից մինչև խոհանոց. ներկայացվում են ոչ միայն երկրի պատմական և մշակութային կենտրոնները՝ Մատենադարանը, Ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, այլև ժամանակակից ռեստորաններն ու ժամանցի վայրեր:

Նշվում է, որ նախորդ տարի Հայաստան է ժամանել 2 մլն զբոսաշրջիկ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Ryanair-ը Հայաստան մուտք գործելու մասին հայտարարել էր 2019-ին: 2020-ի հունվարից ընկերությունը թռիչքներ է իրականացնում Երևանից դեպի Հռոմ և Միլան, մայիսից թռիչքներ կլինեն դեպի Աթենք ու Սալոնիկ: Ամռանն ընկերությունը թռիչքներ կիրականացնի նաև դեպի Բեռլին, Գյումրիից՝ Մեմինգեն։ Ընդհանուր առմամբ, բյուջետային ավիաընկերություններն արդեն ՀՀ-ից թռիչքներ են իրականացվում 13 ուղղությամբ: Իռլանդական Ryanair-ին ավելի ուշ միացել է նաև հունգարական WizzAir-ը, որն ապրիլից կթռչի Երևանից Վիեննա և Վիլնյուս: