18 փետրվարի 2020 - 14:01 AMT
ԳՇ պետ. Չեմ պատրաստվում հրաժարական տալ

ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել է, որ հրաժարական չի տա, փոխանցում է Shantnews.am-ը:

Դավթյանն ԱԺ-ում էր` մասնակցելու փակ աշխատանքային հանդիպմանը, որի նպատակը վերջին շրջանում բանակում մտահոգիչ դեպքերի քննարկումն էր: Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա էին նաև ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ:

«Հրաժարական չեմ պատրաստվում տալ, դեպքերից չորսը հիվանդության հետևանքով է, և ամեն անգամ շահարկվում են հենց դրանք, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով: Ես եղել եմ զորամասերում, պարբերաբար լինում եմ, չեմ խորշում»,- ասել է նա՝ պատասխանելով նաև հարցին, թե զոհ ունենալուց հետո արդյոք եղել է այդ զորամասերում:

Տարեսկզբից բանակում մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր, այդ թվում՝ չպարզված, հանգամանքներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2020-ին բանակում դեպքերի վերաբերյալ փետրվարի 17-ին անցկացված խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել: