5 դեկտեմբերի 2008 - 13:44 AMT
Թուրք մտավորականությունը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել հայ ժողովրդից 1915 թվականի համար
«Թուրք մտավորականության ներկայացուցիչները անձնապես ներողություն են խնդրել «այն մեծ աղետի համար, որ պատուհասեց հայերին 1915թ. Օսմանյան կայսրությունում», սակայն նրանց չի հաջողվել համոզել պետությանը նույն բանն անել»,-գրում է թուրքական Today's Zaman-ը: Թուրքիայի իշխանություններին հասցեագրված կոչը ստորագրել են պրոֆեսորներ Բաշկան Օրանը եւ Ահմեդ Ինսելը, լրագրողներ Ալի Բայրամօղլուն ու Չենգիզ Աքթարը:

Նախաձեռնող խումբը մտադիր է կոչ անել թուրք հանրությանը իրենց ստորագրությունները դնել այդ կոչի տակ, որտեղ ասվում է. «Ես չեմ կարող համաձայնվել անտարբերության հետ Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահած աղետի վերաբերյալ եւ այն ժխտելու հետ: Ես հրաժարվում են անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»:

Այս գործընթացի կազմակերպիչները կոչ են անում թուրք մտավորականությանը իրենց ստորագրությունները դնել այս կոչի տակ եւ մտադիր են վեբ-կայք բացել ստորագրահավաքի համար: