18 փետրվարի 2020 - 17:23 AMT
Թոխյանն և Միրզոյանը հանդիպմանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը չեն քննարկել

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը չի հերքել, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ՝ հավելելով, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը չեն քննարկել, տեղեկացնում է Aysor.am-ը:

Ճշտող հարցին, թե արդյոք պատրաստվում է օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, նա պատասխանել է. «Իմ կարծիքը կասեմ, ժամանակ դեռ ունենք»:

Թոխյանն նշել է նաև, որ Սահմանդրական դատարանում ճգնաժամ չկա:

ՍԴ դատավորները վաղ կենսաթոշակի անցնելու օրենքից օգտվելու հնարավորություն ունեն մինչև փետրվարի 27-ը:

Դատարանի այն անդամները, որոնք կամավոր թոշակի կանցնեն, իրենց աշխատավարձին և հավելավճարներին հավասար կենսաթոշակ և հավելավճարներ կստանան: Կպահպանվեն նաև նրանց բոլոր սոցիալական երաշխիքները:

Փետրվարի 17-ին մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը կավարտվի ապրիլի 3-ին: Արդեն ձևավորվել են հանրաքվեի «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզչական կողմերը: ԿԸՀ-ն փետրվարի 17-ին հրապարակել է հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը, որտեղ 44 պատգամավոր կա: