18 փետրվարի 2020 - 17:50 AMT
Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը վերացվել է

Փետրվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստն էր։ Նախագահող դատավորը հայտնել է, որ Բեգլարյանի խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է, գրում է «Առավոտը»:

Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։

Հրայր Հովսեփյանի հանդեպ նույնպես որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որը ևս վերացվել է: Վերջինս ցանկացել էր ընտանիքով հանգստի մեկնել Վրաստան, բայց ԱԱԾ Սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանապահ ծառայությունը նրան չէր թույլատրել դուրս գալ երկրից: Դատարանը ևս մեկ գրություն կուղարկի ԱԱԾ ու Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը Հովսեփյանի նկատմամբ գործող արգելանքը վերացնելու մասին:

Դատական նիստում hարցաքննվել է միայն «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Սուրեն Մխիթարյանը, մյուս վկաները չէին ներկայացել:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 24-ին:

Ըստ գործի նյութերի` Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015-ին առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն էր արվել, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել էին ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։