18 փետրվարի 2020 - 18:17 AMT
Նախագիծ. 4000-ից ավելի ընտրողով համայնքի ավագանին կկարողանա ղեկավարին պաշտոնանկ անել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի, իսկ մինչև 4000 ընտրող ունեցողներում՝ ՏԻՄ մեծամասնական կարգով ընտրությունների:

Այժմ համամասնական ընտրակարգը վերաբերում է միայն Երևանի, Գյումրու ու Վանաձորի ավագանիներին, մեծամասնականը՝ ՀՀ մնացած բոլոր համայնքներին:

Ըստ առաջարկի՝ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության` ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը:

Նախարարությունից նշում են, որ դա ոչ միայն փոխզսպման մեխանիզմ կլինի ավագանու և համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլև հնարավորություն կտա ապահովելու «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև» սահմանադրական նորմի իրացումը:

Ըստ գերատեսչության՝ այսպիսով կզարգանա ավագանու ինստիտուտը, հնարավորություն կստեղծվի ներդնելու համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգը, որով ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, այսինքն՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի ավագանու առջև:

Նախագծով առաջարկվում է ըստ ընտրողների քանակի սահմանել ավագանու անդամների թիվը. օրինակ՝ ավագանու 5 անդամ՝ 1000 ընտրող ունեցող համայնքում, 7 անդամ՝ մինչև 2000, 9 անդամ՝ մինչև 4000: 4000-ից մինչև 10,000 ընտրող ունեցող համայնքում առաջարկվում է ունենալ ավագանու 15 անդամ (գործող 9-ի և 11-ի փոխարեն), ավագանու 21 (գործող 15-ի փոխարեն) անդամ կարող են ունենալ 10,000-ից մինչև 25,000 ընտրող ունեցող համայնքում, 25 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում` կընտրվի ավագանու 33 անդամ: Ըստ նախագծի՝ Երևանում ավագանին կունենա 65 անդամ: