18 փետրվարի 2020 - 18:46 AMT
Վաչագան Ղազարյանին ավելի վաղ վերադարձվել է նրա վճարած 1 մլրդ դրամ գրավը. Վճարելով 2.8 մլրդ՝ նա ազատվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին ավելի վաղ է վերադարձվել նրա վճարած 1 մլրդ դրամ գրավը, այժմ Ղազարյանը հատուցել է պետությանը պատճառված մոտ 2.8 մլրդ դրամ վնասը և ազատվել քրեական պատասխանատվությունից, PanARMENIAN.Net-իմ ասաց պաշտպան Արմեն Հարությունյանը:

2018-ի հուլիսին Ղազարյանն ազատ էր արձակվել 1 մլրդ դրամ գրավի դիմաց, ապա նոյեմբերին նա նորից կալանավորվել էր: Քրգործով Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով: Ղազարյանի` Տերյանի բնակարանում ԱԱԾ-ն հայտնաբերել էր 35 մլն դրամ, $1.1 մլն, 230,500 եվրո։ 2018-ի հունիսի 25-ին նա իր հաշվեհամաներից խոշոր գումար էր կանխիկացրել, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

«Նախապես վճարել էր 1 մլրդ դրամ, երբ դատարանը կալանքի որոշում էր կայացրել քննության արդյունքում, բայց այդ գումարը, երբ հետագայում Ղազարյանը կալանավորվեց, հետ էր վերադարձվել: Գործով մոտ 2.8 մլրդ դրամի չափով վնասների հատուցում կա, որը կատարվել է»,- ասաց Հարությունյանը:

Քննության համաձայն՝ Ղազարյանն ու նրա կինը կազմակերպել էին, որ իրենց առնչվող 7 ՍՊԸ-ն չվճարեն խոշոր և առանձնապես խոշոր չափերի հարկերը, այդ գործընթացքում ներգրավելով տարբեր անձանց: Սակայն, փոխանցել են չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2.837 մլրդ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը։

2018-ի դեկտեմբերին Ղազարյանը պետությանը $6 մլն վերադարձնելու պատրաստակամություն էր հայտնել։ Հունիսին՝ ձերբակալվելիս, հայտնի էր դարձել Ղազարյանի մոտ մոտ $9.2 մլն-ը գերազանցող անշարժ գույքի ու գումարի առկայության մասին։