5 դեկտեմբերի 2008 - 15:22 AMT
Հայ եւ թուրք կինոռեժիսորները համատեղ փաստագրական ֆիլմ են նկարահանում
Հայ եւ թուրք կինոռեժիսորները պատրաստվում են նկարահանել փաստագրական ֆիլմ թուրք պատանու եւ հայ աղջկա սիրո մասին, որոնք ծանոթացել են Ինտերնետի միջոցով: Կինոռեժիսորները որոշել են ֆիլմը նկարահանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի 2008թ. սեպտեմբերի 6-ին Հայաստան կատարած այցից հետո:

Ինչպես հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը, հայ ռեժիսոր Գեւորգ Նազարյանը եւ նրա թուրք գործընկեր Էրայ Մերթը նախագծի վրա սկսել են աշխատել հոկտեմբերին, իսկ նկարահանումները կսկսվեն դեկտեմբերին: Նախագիծը կոչվում է «Արաքս», հայ-թուրքական սահմանը զատող գետի անունով, եւ հովանավորվում է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից: Ֆիլմում կլինեն նաեւ վավերագրական պատմություններ հայերի եւ թուրքերի ավագ սերնդի մասին: