20 փետրվարի 2020 - 19:15 AMT
Թրամփն Ասանժին ներում է առաջարկել՝ ՌԴ հարցով գործարքի դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է առաջարկել WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ պայմանով, որ նա հայտարարի, թե Ռուսաստանը մասնակից չէ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելուն:

Այս մասին գրել են բրիտանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի ելույթին, փոխանցում է Deutsche Welle-ը:

2016-ին հաքերները կոտրել էին Դեմոկրատական կուսակցության սերվերները: WikiLeaks-ը հրապարակել էր 20,000 էլեկտրանոյաին նամակ, որոնք գրվել կամ ուղարկվել են պաշտոնյաների կողմից: ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ հարձակումն իրականացրել են ռուս հաքերները:

Ռոբինսոնի խոսքով՝ առաջարկը ներկայացվել է 2017-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դանա Ռորաբախերի կողմից: Քաղաքական գործիչը հայտնել է, որ գործում է նախագահի հրահանգով և առաջարկել ներում կամ «այլ ելք»:

Նախկին կոնգրեսմենը ժխտել է իրեն վերագրված միջնորդի դերը՝ նշելով, որ ոչ Թրամփը, ոչ էլ նրա հետ փոխկապակցված որևէ մեկը չեն փորձել կապվել իր հետ: Նա նշել է, որ Ասանժին հանդիպել է իր նախաձեռնությամբ և հաղորդել նրան, որ կարող է նախագահ Թրամփին խնդրել ներել իրեն, եթե փոխարենը նա ասի, թե կոնկրետ ով է իրեն փոխանցել հանրապետականների էլեկտրոնային նամակագրությունը: Իր հերթին Սպիտակ տունը Թրամփի կողմից Ասանժին ներում շնորհելու մասին լուրն անվանել է «լիակատար հորինվածք և կատարյալ սուտ»՝ նշելով, որ նախագահն ու նախկին կոնգրեսականը երբեք չեն զրուցել այդ թեմայով:

2012-ին Ասանժը ապաստան էր գտել Էկվադորի դեսպանատանը Լոնդոնում՝ խուսափելով Շվեդիայի կողմից ձերբակալությունից իրեն ներկայացված բռնաբարության մեղադրանքի պատճառով: WikiLeaks-ի հիմնադիրը կարծում էր, որ Շվեդիան իրեն ԱՄՆ կարտահանձնի, որտեղ իրեն կդատապարտեն Իրաքում և Աֆղանստանում այդ երկրի գործողությունների վերաբերյալ հարյուր հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: Ավելի ուշ Շվեդական իրավապահները դադարեցրին Ասանժի գործով հետաքննությունը: Բրիտանիայի ոստիկանությունը 2019-ին Էկվադորի դեսպանատանը ձերբակալեց Ասանժին: Լոնդոնի դատարանը մայիսին նրան դատապարտեց 50 շաբաթվա ազատազրկման: