20 փետրվարի 2020 - 15:03 AMT
Վրաստանի նախկին վարչապետը դուրս է եկել բանտից ու իշխանափոխություն է խոստանում

Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին դուրս է եկել թբիլիսյան բանտից: Նախկին իշխանությունների ամենաազդեցիկ նախարարներից մեկը գրեթե 7 տարի անցկացրել է կալանավայրում, գրում է BBC-ն:

Մերաբիշվիլիի կողմնակիցները ծափահարություններով են դիմավորել նրան:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր թիմակից Մերաբիշվիլին հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն և իշխանափոխություն է խոստանում:

«Ես երաշխավորում եմ, որ մեկ տարում այս կառավարությունը կավարտվի: Դա անհրաժեշտ է անել, և մենք դա անպայման կանենք: Դա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը զարգանա»,- ասել է նա:

Մերաբիշվիլին դուրս է եկել կալանավայրից Վրաստանում քաղաքական իրավիճակի սրման ֆոնին և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնք կայանալու են 2020-ի հոկտեմբերին:

Մերաբիշվիլին համարվում է հետհեղափոխական կառավարության ամենահակասական անձերից մեկը: Բնակչության մի մասի համար 2004-ի դեկտեմբերից մինչև 2012-ի հուլիսը ներքին գործերի նախարարությունը գլխավորած Մերաբիշվիլին հաջող բարեփոխումների և կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և կրիմինալի դեմ պայքարի խորհրդանիշ է: Բայց նաև մեղադրանքների գլխավոր թիրախն է՝ Վրաստանի նախկին իշխանությունների օրոք մարդու իրավունքների խախտումների մասով:

Մերաբիշվիլին մեղավոր էր ճանաչվել 5 քրգործով՝ դատապարտվելով ընդհանուր առմամբ 6 տարի և 9 ամիս ազատազրկման: Ինքը Մերաբիշվիլին իր մեղքը չի ճանաչել առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկով: