20 փետրվարի 2020 - 17:00 AMT
Օլիմպիադայում ոսկի նվաճած մարզիկները 20 մլն դրամ կստանան

Օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնող յուրաքանչյուր մարզիկ կստանա 20 մլն դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանվել է համապատասխանաբար 15 մլն և 10 մլն դրամ: Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Բացի այդ, ավելացել են նաև բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին ցմահ տրվող ամենամսյա պատվովճարները: Մասնավորապես՝ օլիմպիական չեմպիոնների ամենամսյա պատվովճար կկրկնապատկվի` դառնալով 200 հազար դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար` 140 հազար և 100 հազար դրամ, իսկ աշխարհի չեմպիոններն այսուհետ ամեն ամիս կստանան 100 հազար դրամ` նախկին 55 հազարի փոխարեն:

Կառավարության նիստում նաև որոշվել է, որ այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով: Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019-ի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար:

Տասնյակի մեծարման երեկոն և պարգևատրման արարողությունը նախատեսվում է անցկացնել փետրվարի 21–ին՝ նախագահի նստավայրում:

Կառավարության որոշմամբ, պարգևատրվելու են հունահռոմեական ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, հունահռոմեական ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը, ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և Հակոբ Մկրտչյանը:

2020-ը օլիմպիական տարի է և փետրվարի 23-ից սկսած ՀՀ մարզիկները մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների:

Ընթերցեք նաև` Փաշինյան. Մինչև 2050-ն առնվազն 25 օլիմպիական մեդալ պիտի ունենանք