21 փետրվարի 2020 - 14:02 AMT
Վրաց հոգևորականներն ահազանգում են՝ ադրբեջանցիները Դավիթ Գարեջիում փոփոխություններ են անում

Վրաց հոգևորականներն ահազանգում են՝ ադրբեջանական կողմը Դավիթ Գարեջի վանական համալիրում փոփոխություններ է անում: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հայր Վիտալին, մաքրում են վրացական հետքը, տեղադրում ադրբեջանական ենթակառուցվածքներ, հայտնում է «Ալիք մեդիան»:

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել էր հատկապես երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Դավիթ Գարեջիի անապատի վանքը։

Հայր Վիտալին նշել է, որ փետրվարի 21-ին Դավիթ Գարեջիի պաշտպանության խումբը ծրագրում է հավաք անցկացնել, ինչից հետո հետագա քայլերը պարզ կդառնան:

Գրառումներից մեկում հայր Վիտալին նշել էր, որ մի քանի օրում ժողովրդական քայլերթ կկազմակերպեն դեպի Գարեջի, որտեղ կմիավորվեն բոլորը:

Սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմը Դավիթ Գարեջիից հետո փորձում է զավթել հարակից Ուդաբնո գյուղը, որտեղ հովիվները արածեցնում են ոչխարներին:

Հարցի հետ կապված պաշտոնական հայտարարություն դեռևս չկա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավելացրել է սահմանապահների թիվը Վրաստանի հետ սահմանին՝ Դավիթ Գարեջի վրացական քարանձավային համալիրի տարածքի հարևանությամբ: