Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Փոխքաղաքապետը նշել է, որ նախագծի վրա աշխատում են Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ, և համատեղ են պատրաստում ստեղծագործությունը, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացումը:
«Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր, այդ թվում` Արցախյան պատերազմի ժամանակահատվածը»,- գրել է Վիրաբյանը:
Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ պատրաստի նյութ կլինի և կսկսեն բեմադրական աշխատանքները:
«Այդ փուլում նախագծի աշխատանքներում կներգրավվեն Հայաստանում ոլորտի լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում»,- գրել է փոխքաղաքապետը:
Մելքոնյանը Հայաստանի ազգային հերոս է, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար: Նա մահացել է 1993-ին` Արցախում: