22 փետրվարի 2020 - 16:07 AMT
Փաշինյան․ Զինծառայության հեղինակությունը որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ՀՀ և Արցախի ԶՈւ մարտունակությունը և բարոյահոգեբանական մթնոլորտը, նշել է, որ զինծառայության հեղինակությունը որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը։

Այդ մասին վարչապետը խոսել է Ստեփանակերտում ՀՀ և Արցախի ԱԽ համատեղ նիստին, որին մասնակցում է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: ՀՀ-ում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է։ Բայց, ցավոք, բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակինին։ Այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք»,- ասել է վարչապետը։ :

Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես` 2019-ին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հատկացրել բանակում էական փոփոխություններին` սկսած սպառազինության ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներով, այնպես էլ դրամական բավարարումների չափով։

«Բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է»,-ասել է Փաշինյանը։

2020-ին բանակում տարբեր հանգամանքներում զինծառայողների մահվան 13 դեպք է գրանցվել, այդ թվում՝ ՊԲ շարքերում: ՀՀ նախագահի հրամանագրերով ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ են պաշտոնանկ արվել՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: