22 փետրվարի 2020 - 16:08 AMT
Իդլիբի հարցով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցն ապարդյուն էր

ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որը կայացել է փետրվարի 21-ին, ավարտվել է առանց կոնկրետ արդյունքների։

Նախագահները քննարկել են իրավիճակը սիրիական Իդլիբում և, ըստ Կրեմլի, միայն պայմանավորվել են հետագայում ևս շարունակել շփումները, գրում է Deutsche Welle-ն։

Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը պետք է հետ քաշվեն Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետերից։ Էրդողանը սպառնացել է, որ թուրքական բանակն ինքը կվռնդի սիրիացի զինվորականներին, եթե Դամասկոսը մինչև փետրվարի վերջ հետ չքաշի զորքերը։

Երկու երկրի նախագահների հետ հեռախոսազրույց են ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել Իդլիբում իրավիճակի սրացմանը։

ՌԴ-ն և Թուրքիան սիրիական հակամարտության հակադիր կողմերին են սատարում։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը ՌԴ ավիացիայի աջակցությամբ լայնածավալ գործողություն է վարում Իդլիբում։ Դա Սիրիայի վերջին շրջանն է, որը վերահսկվում է ջիհադականների և հակակառավարական ուժերի կողմից։ Ըստ ՄԱԿ գնահատականների, մոտ 900,000 մարդ է լքել տները Սիրիայի այդ շրջանում 2019-ի դեկտեմբերից ի վեր։