23 փետրվարի 2020 - 20:02 AMT
Հայաստանը 2 շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը

Հայաստանը 2 շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ կառավարությունն արտահերթ որոշում է կայացրել` հիմնվելով ՀՀ պետսահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, «որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը»։

Այսպիսով, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Փաշինյանի տեղեկացմամբ` փետրվարի 24-ի առավոտյան կկայանա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը, հավանական սցենարներն ու դրանցից բխող միջոցառումները։

Հանձնաժողովը գործում է 2020-ի հունվարի 31-ից։

«Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են», - եզրափակել է վարչապետը։

Փետրվարի 23-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 43-ի է հասել, գրանցվել է մահվան 8 դեպք:

Ավելի վաղ, Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորել էր այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: