24 փետրվարի 2020 - 17:14 AMT
Կորոնավիրուսի դեպք ՀՀ-ում չկա, թեստերի պակաս՝ ևս

Հայաստանը լիարժեք պատրաստ է կորոնավիրուսի դեպքերի ժամանակ մարդկանց համապատասխան բուժօգնություն ցույց տալու, աշխատանքներ են տարվում, որ լիարժեք պատրաստ լինենք նաև հնարավոր համաճարակի զարգացման դեպքում, հայտարարել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում հսկողություն է իրականացվում կորոնավիրուսի դեպքերի կանխարգելման համար, հոսպիտալացման 83 դեպք է եղել, բոլորը թեստավորվել են և վարակ չի հայտնաբերվել:

Վանյանը նշել է, որ առողջապահության նախարարությունը գնահատել է կարողությունները՝ հնարավոր համաճարակի դեպքում պատրաստված լինելու համար:

Ասում է՝ այս պահին ՀՀ-ն ունի կորոնավիրուսի հայտնաբերման 600-700 թեստ, սպասվում է, որ ևս 1000-ը կբերվի:

Թեստավորումն արվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտներով:

Բժշկական դիմակների պակասի մասին հարցին Վանյանը պատասխանել է՝ գները բարձրացնող և դրա արդյունքում դիմակները ՀՀ սահմանից դուրս վաճառող տնտեսվարողները կպատժվեն:

«Եթե չեմ սխալվում, մոտ 160,000-ը նորից ձեռք է բերվել և հիմա գործընթաց է տարվում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար», - հայտնել է Վանյանը՝ հավելելով, որ բժշկական դիմակների պակաս կա մի շարք երկրներում։

Հայաստանը 2 շաբաթով կդադարեցնի ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ ոչ ամբողջական սահմանափակումներ կկիրառվեն: Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը, ըստ ԶԼՄ-ների, հասել է 50-ի: Այդ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտարարելուց հետո սոցցանցերում խոսակցություններ սկսվեցին բժշկական դիմակների պակասի, դրանց՝ արտերկրում վաճառվելու մասին: ՏՄՊՊՀ-ն հորդորել է զերծ մնալ բժշկական դիմակների և հակավիրուսային դեղերի գների բարձրացումից: