24 փետրվարի 2020 - 18:10 AMT
Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, ասվում է դատական տեղեկատվական համակարգում:

Հայցով Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Փաշինյանը հայտարարել էր, որ 2018-ի մայիսից Թովմասյանը նախ ամենօրյա, ապա` ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել վարչապետին` ասելով, թե քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։ Ավելի ուշ՝ հունվարի 25-ին, Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ինքը վարչապետին 20 օր ժամանակ է տալիս՝ ապացուցելու իր հայտարարությունները, հակառակ դեպքում խոստանում է նրան դատի տալ: Որպես իր ասածի ապացույց, Փաշինյանը հրապարակել էր Թովմասյանից նվեր ստացած գրիչը: