25 փետրվարի 2020 - 11:26 AMT
Ամռանը Երևանում շախմատի միջազգային մրցաշար կանցկացվի

Ամռանը Երևանը հյուրընկալելու է շախմատի միջազգային մրցաշար,ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Այն անցնելու է տարբեր երկրներից բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ:

«Չբացելով բոլոր փակագծերը՝ ասեմ, որ այն լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը»,- նշել է Հայրապետյանը:

2017-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվել է շախմատի միջազգային «Երևան օփեն» մրցաշարը, որին մասնակցում էր 13 երկրի մոտ 150 շախմատիստ: Այն անցել է շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով: