25 փետրվարի 2020 - 12:58 AMT
Նախագիծ. Դատավորի թեկնածուները հոգեբանական թեստ կանցնեն

Դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Թեստի հարթակն օրենքի նոր նախագծի պահանջն է, որի էլեկտրոնային տարբերակն ապագայում պետք է մշակվի:

Նախագծով առաջարկվում է նաև դատավորների թեկնածուների տարիքը ներկայիս 28-ի փոխարեն նվազեցնել է 25-ի։ Բացի այդ. սահմանվել են դատավորների կոռուպցիոն ու կարգապահական խախտումների դեպքում վարույթներ հարուցելու կարգերը։

Նախատեսվում է նաև ստեղծել Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած կլինի 5 անդամից և կքննարկի դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները։

Անդրադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումները հենց դատական համակարգից սկսելուն՝ նախարարը նշել է, որ դատական իշխանությունն է անկյունային դեր խաղում արդարադատության կայացման մեջ։

Առաջարկվող փոփոխությունները ներկայացնելով՝ Բադասյանը հայտնել է, որ օրենսդրական նախագծերի փաթեթը լայն քննարկում և միջազգային փորձաքննություն է անցել, արժանացել Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։