ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ քննարկում է ունեցել համահայկական օրակարգի՝ Արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Սևրի պայմանագրի և Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի, Մերձավոր Արևելքում զարգացումների և տարածաշրջանի հայ համայնքների դիմագրաված խնդիրների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
ԱԳՆ ղեկավար կազմը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ:
Քննարկումը մոտ 6 ժամ է տևել: Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքի հիմնական ուղղությունները։
ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և այդ ուղղություններով ձեռնարկվող քայլերը:
Հայ դատի հանձնախմբերի կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արամ Գալուստյանը և Կիրո Մանոյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը և այլոք:
Նման հանդիպումները սկիզբ են առել 1997 թվականից և պարբերական են եղել ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ։