25 փետրվարի 2020 - 16:55 AMT
Նախիջևանը կորոնավիրուսի պատճառով միայն օդային կապ ունի. Ցամաքային սահմանները փակ են

Թուրքիան և Իրանը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված փակել են Նախիջևանի հետ սահմանը, ինչի արդյունքում Նախիջևանի ինքնավար հանրապետությունը հայտնվել է մեկուսացման մեջ: Միակ կապն արտաքին աշխարհի հետ իրականացվում է Բաքվի հետ ավիահաղորդակցությամբ, գրում է Haqqin.az-ը:

Թուրքիան փակել է Նախիջևանի հետ սահմանին գտնվող Դիլուջու սահմանակետն առանց որևէ զգուշացման:

«Մենք անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրենք Ադրբեջանի պաշտոնական շրջանակներին այդ միջոցների կապակցությամբ: Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները կապ են պահպանում և քննարկումներ ունենում»,- ասել էր Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրկան Օզորոլը:

Տեղաբնակները մեծ քանակությամբ սննդամթերք՝ ալյուր, ձավարեղեն և այլ մթերք են գնում, քանի որ փակ ճանապարհների պատճառով գներն աճել են, գրում է «Կովկազսկի ուզելը»՝ ադրբեջանական Turan գործակալությանը հղումով:

Իշխանությունները սննդամթերքի գնման սահմանափակումներ դեռ չեն դրել:

Նախիջևանի ինքնավար հանրապետությունն անմիջական ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և սահմանակից է ՀՀ-ին, Թուրքիային և Իրանին: