25 փետրվարի 2020 - 16:59 AMT
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:

«Հիվանդության դեմ պայքարի առաջնագծում գտնվող Հարիրչիի կորոնավիրուսի հետազոտման թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է Վահաբզադեն Twitter-ում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 24-ին Հարիրչիի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիյայի մասնակցությամբ մամուլի ասուլիս էր եղել, որի ընթացքում փոխնախարարը մի քանի անգամ հազացել էր:

ՀՀ-ն փակել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, իսկ օդայինը՝ սահմանափակել: Իրաքը և Քուվեյթը փակել են իրենց սահմանն Իրանի հետ և դադարեցրել ավիահաղորդակցությունը: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում վարակի 95 դեպք կա, 15 մարդ է մահացել:

Photo. Reuters