«Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմիավորվեն՝ դասական երաժշտությունն առավել հասանելի դարձնելու համար։ Երկու կողմի թիմերի մասնակցությամբ սկիզբ է դրվել երկարատև գործակցությանը, որն ամրապնդվել է պաշտոնական հուշագրի ստորագրմամբ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։
Գործակցության մեկնարկը տրվել է նաև առաջին համատեղ՝ «Մարդիկ և սիմֆոնիա» նախագիծի մեկնարկով, որն ուղղված է «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերության ավելի քան 3000 աշխատակցի։ Նախագծի շնորհիվ ընկերությունների խմբի բոլոր աշխատակիցները հնարավորություն ունեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի բոլոր համերգներին հրավիրատոմս ստանալու։
«Գալաքսին» համախմբում է մոտ 3000 տաղանդավոր մարդու, ովքեր ամեն օր ստեղծում են արժեքներ: Յուրաքանչյուր մարդ իր յուրովի ներդրումն ունի ընդհանուր գործի մեջ, որը մեզ համար շատ արժեքավոր է: Մեզ համար կարևոր է ոչ միայն այն, թե մարդիկ ինչպես են աշխատում, այլև նաև, թե ինչպես են կարողանում կազմակերպել իրենց հանգիստը», - նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։
Աշխատակիցներին ուղղված հրավերում նշված է. «Դժվար է շնորհակալությունը «փոխանցել» տառերի միջոցով։ Այդ պատճառով ուզում ենք, որ լսեք մեր շնորհակալությունը դասական երաժշտության հնչյունների ներքո»։
Նախագծի հեղինակները հուսով են՝ այս «շնորհակալության» նախաձեռնությունը կարող է սկիզբ դնել նոր կորպորատիվ մշակույթի ձևավորմանն ու օրինակ ծառայել Հայաստանում գործող այլ ընկերությունների համար։
Գործակցության արդյունքում «Գալաքսին» և Սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում են իրականացնել շարունակական այլ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե համայնքին, և թե լայն հանրությանը։
«Այս գործակցության մեկնակն անչափ կարևոր է նաև նվագախմբի համար, քանզի մեծ է ցանկությունը ձեզ հասցնել մեր ասելիքը: Հայտնի է, որ երաժշտությունը համամարդկային լեզու է, որը չի ճանաչում սահմաններ և կարող է հասնել բոլորի սրտերին՝ անկախ ամեն ինչից: Հույսով ենք, որ ունկնդրելով դասական երաժշտություն նոր մոտիվացիաներ և նոր մտքեր, էմոցիաներ կառաջանան ձեզ մոտ», - նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ծրագրերի ղեկավար Աննա Գևորգյանը։
Փետրվարի 25-ից մինչև հուլիսի 16-ը 12 համերգ է նախատեսված, յուրաքանչյուրին ակնկալվում է 200-ից ավելի աշխատակցի ներկայությունը։
Ըստ ստեղծարար արվեստի մշտական աջակից «Գալաքսի» ընկերությունների խմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի հետ գործակցությունը նոր ու հետաքրքիր նախագծերի մեկնարկ է տալու։