26 փետրվարի 2020 - 15:26 AMT
29 տարվա լոգոն՝ 2020-ի քարոզարշավին. Փնտրվում է «Այո»-ի քարոզչական տարբերանշանի բնօրինակի հեղինակը

Փնտրվում է ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական տարբերանշանի բնօրինակի հեղինակը, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Փետրվարի 25-ին հրապարակված լոգոն, ինչպես պարզվեց Media.am-ի հրապարակումից, 1991-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզչական լոգոյի կրկնօրինակն էր, իսկականը տպագրվել է «Երեկոյան Երևան» թերթում 29 տարի առաջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը PanARMENIAN.Net-ին ասաց, որ սոցցանցերից են տեղեկացել «Այո»-ի քարոզչական տարբերանշանի ծագման մասին ու փորձում են քննարկել և հասկանալ անելիքը: Նա նշեց, որ չի կարող ասել՝ վճարվել է արդյոք ընկերությանը խոստացված 3 մլն դրամը, թե՝ ոչ:

2020-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական լոգոյի հեղինակը Garoon ընկերությունն է, նրանց հեռախոսահամարն անհասանելի է, ֆեյսբուքյան էջին գրված նամակներն անպատասխան են մնում: Ընկերության էջում նշված է, որ ծառայություններ են մատուցում բրենդինգի, դիզայնի, ծրագրավորման, մարքեթինգի, գովազդի ոլորտներում: Վերջին հրապարակմամբ նրանք շնորհակալություն են հայտնել իրենց վստահելու համար և կիսվել վարչապետի էջում տեղադրված տեսանյութով:

Փետրվարի 16-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել մասնակցել «Այո»-ի բրենդինգի մրցույթին և հաղթել: Նշվում էր, որ առաջին տեղը զբաեցրած մասնակիցը կստանա 3 մլն դրամ, երկրորդը՝ 2 մլն, երրորդը՝ 1 մլն: