26 փետրվարի 2020 - 18:08 AMT
Տեղական կոնյակի գովազդն առաջարկվում է վերացնել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ անել գովազդի մասին օրենքում՝ վերանայելով թունդ ալկոհոլային խմիչքներին վերաբերող գործող կարգավորումը՝ վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը։

Այժմ «Գովազդի մասին» օրենքով արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը՝ 06:00-ից մինչև 22:30-ը, ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդ (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր)՝ բացառությամբ տեղական արտադրության կոնյակի:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ գործող օրենքն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ոլորտում՝ նույն շուկայում գործող կամ «դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների հնարավոր կամ փաստացի մրցակիցների համար»։

Գերատեսչությունում կարծում են, որ այժմ անհավասար մրցակցային պայմաններ կան տեղական և արտասահմանյան արտադրողների միջև՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար՝ ՀՀ սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով։

Նախագծից ակնկալվող արդյունքը բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը և միջազգային պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումն է:

ՀՀ-ում, ըստ վիճակագրական կոմիտեի, 2019-ի հունվար-դեկտեմբերին արտադրվել է 43,505 լ կոնյակ, ներմուծվել է՝ մոտ 14,000 լ, երկրից արտահանվել է մոտ 41,000 լ կոնյակ: