26 փետրվարի 2020 - 20:31 AMT
Թեհրան-Երևան չվերթով 52 ուղևոր ՀՀ է ժամանել

Թեհրան-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 52 ուղևոր, հայտնել է ֆեյսբուքյան իր էջում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները», - նշել է նա:

ՀՀ-ն փակել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, իսկ օդայինը՝ սահմանափակել: 2 երկրների քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք, ցամաքով իրականացվում են բեռնափոխադրումներ։ ՀՀ տարածքում բեռնատարները տեղաշարժվում են ոստիկանության ուղեկցությամբ։