26 փետրվարի 2020 - 23:00 AMT
Վրաստանում կորոնավիրուսի 1-ին դեպքն է հաստատվել

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել Իրանից Ադրբեջանի տարածքով։

Ինչպես հայտնում է «Իմեդի»-ն` նա միանգամից տեղափոխվել է հիվանդանոց, այլ մարդկանց հետ շփում չի ունեցել։ Նրա հետ շփված սահմանապահներին ևս կարանտին են տեղափոխելու։

Երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն նշել է, որ անհանգստանալու կարիք չկա․ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անում է երկրում կորոնավիրուսի բռնկում թույլ չտալու համար։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բարձր ջերմաստիճանով 14 հիվանդ կա, որոնցից 2-ն Իրանի ու Չինաստանի քաղաքացի են։

Փետրվարի 21-ից Չինաստանից Վրաստան վերադարձած 34 քաղաքացի կարանտինում են Իմերեթիում՝ Սաչխերե գյուղի հիվանդանոցում։