27 փետրվարի 2020 - 10:59 AMT
Garoon-ը՝ «Այո»-ի լոգոյի մասին. Հեղինակային իրավունք չենք խախտել, ոգեշնչվել ենք

Ապրիլի 5-ին Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի քարոզչական լոգոյի մրցույթում հաղթած Garoon ընկերության համար ոգեշնչման աղբյուր է եղել 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղադրված նկարազարդման գաղափարը, հայտարարել են մարքեթինգային ընկերությունից։

Փետրվարի 25-ին հրապարակված լոգոն, ինչպես պարզվեց, 1991-ին թերթում հրապարակված «Այո» լոգոյի կրկնօրինակն է: Garoon ընկերությունն այդ տարբերանշանը որպես 2020-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի լոգոյի սեփական տարբերակ էր ներկայացրել:

«Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, և, իհարկե, «Այո՛»-ի ոգին։ Garoon-ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և, մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ընկերության՝ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ Ընկերությունում ասում են՝ որևէ մեկի հեղինակային իրավունքը չեն խախտել և, չնայած դրան, միանում են «Այո»-ի շտաբի որոշմանը:

Տարբերանշանի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 մլն դրամ մրցանակը շտաբի որոշմամբ կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Ստեփանի Նորոյանի իրավահաջորդի միջև։

«Garoon գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ։