27 փետրվարի 2020 - 12:27 AMT
Տոնոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ հետագա զարգացումը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացն է քննարկել աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Զասին այդ պաշտոնում նշանակվելու առթիվ:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանը:

Հանդիպմանը քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հունվարի 1-ին, երբ լրացավ ՀՀ ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել էր պաշտոնից: Նրան հետ էր կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականությունները կատարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը: Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել էր Երևանի ու Մինսկի միջև որոշակի լարվածության պատճառ։