27 փետրվարի 2020 - 12:41 AMT
Մոսկվայի ռեստորաններում անվտանգության կանոնները խստացնում են

Մոսկվայի ռեստորաններում կխատսցվի ախտահանման ռեժիմը: Ռոսպոտրեբնադզորը համապատասխան կարգադրություն է ուղարկել ՌԴ մայրաքաղաքի սրճարաններին և ռեստորաններին:

Ըստ դրա՝ նման հաստատությունների աշխատակիցները պետք է օգտվեն մաշկի համար նախատեսված հակասեպտիկ միջոցներից, իսկ այցելուների հետ աշխատողները պետք է բժշկական դիմակներ կրեն, որոնք ենթակա են փոփոխման 3 ժամը մեկ, գրում է «Վեդոմոստին»:

Հաստատությունների սրահում խորհուրդ է տրվում բակտերիցիդային լամպեր տեղադրել և օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան, ախտահանել տարածքը, իսկ դռների բռնակներն ու գանձապահների սարքերը՝ ամեն ժամ: Սպասքը հարկավոր է ախտահանել 1.5 ժամ՝ առնվազն 65 աստիճան ջերմաստիճանի տակ:

Հաստատությունները շաբաթը մեկ պետք է Ռոսպոտրեբնադզորին ներկայացնեն այդ միջոցների կատարման մասին տեղեկատվությունը:

Հունվարին ՌԴ-ում կորոնավիրուսի 2 դեպք էր գրանցվել՝ Չինաստանի քաղաքացիների մոտ, որոնք ապաքինվել են: Եվս 3 ռուսաստանցի հիվանդացել է Diamond Princess զբոսանավում, նրանց հատուկ չվերթով տեղափոխել են Կազան:

Փետրվարի 27-ի տվյալներով՝ մայրցամաքային Չինաստանում COVID-2019 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2774-ի: Ըստ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի՝ երկրում 78,497 վարակված կա, ապաքինվել է 32,495 մարդ: