27 փետրվարի 2020 - 12:47 AMT
Time. Աշխարհում բավականաչափ բուժդիմակ չկա՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Չինաստանը համարվում է բժշկական դիմակների ամենախոշոր արտադրողը ամբողջ աշխարհում, որտեղ օրական արտադրվում է 20 մլն դիմակ, բայց միայն երկրի ներքին պահանջարկն օրական 50-60 մլն է, գրում է Time-ը` բացատրելով, թե ինչու աշխարհի տարբեր երկրներում մարդիկ չեն կարողանում գտնել դիմակ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար:

Որոշ մասնագետներ կասկածում են, թե բժշկական դիմակն իրոք կարող է ազդել վիրուսից պաշտպանվելու վրա: ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունից էլ նշել են, որ վիրուսը տարածվում է հիմնականում այն դեպքում, երբ վարակակիրը շփվել է մեկ այլ անձի հետ, հազացել կամ փռշտացել այդ ընթացքում:

Նշվում է նաև, որ վիրաբուժական դիմակները կարող են որոշակի, բայց «շատ համեստ» պաշտպանվածություն ապահովել: Չնայած դրան՝ աշխարհում դիմակների պահանջարկն ու արժեքն աճում են: Օրինակ՝ Amazon-ի նման օնլայն հարթակներում դիմակների արժեքը բարձրացել է մի քանի հարյուր դոլարով:

Նշվում է, որ չինական դիմակ արտադրող ընկերությունները փետրվարի կեսից գործում են 76% հզորությամբ, իսկ միայն Չինաստանում դիմակների պահանջարկը կարող է ավելի շատ լինել, քան հայտարարվում է (խոսվում է օրական մոտ 400 մլն դիմակի պահանջարկի մասին):

ԱՄՆ առողջապահության նախարարությունից ևս հայտարարել են, որ իրենք ավելի քիչ դիմակներ ունեն, քան անհրաժեշտ կլինի համաճարակի հնարավոր բռնկման դեպքում. ԱՄՆ-ն ունի 30 մլն դիմակ, սակայն խոշոր համաճարակի բռնկման պարագայում անհրաժեշտ կլինի 300 մլն:

Փետրվարի 24-ին հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում մոտ մոտ 160,000 դիմակ կա, քայլեր են տարվում լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու համար: