27 փետրվարի 2020 - 15:03 AMT
Սինանյան. ՀՀ-ում վատ են վերաբերվում նոր քաղաքացիներին

ՀՀ-ում հայրենադարձության գործընթացի հետ կապված խնդիրներ կան, հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ տրած հանձնարարականին:

Փետրվարի 25-ին վարչապետը մի նամակ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ Կանադայից ՀՀ վերադարձած կինը ներկայացրել էր, թե ինչ բարդությունների է բախվել՝ փորձելով ՀՀ քաղաքացիություն ստանալ, և թե ինչպես են իրեն տարբեր կառույցներում հորդորել վերադառնալ Կանադա: Վարչապետը նամակի հետ միասին նաև մի շարք գերատեսչություններին ուղղված հանձնարարականներ էր տվել:

«Այստեղ երկու խնդիր կա: Մեկը կապված է օրենքի հետ: Այն օրենքները, որոնք կարգավորում են այդ խնդիրը, արհեստականորեն այնքան են բարդացված, որ խնդիրներ են առաջացնում: Իմ կարծիքով՝ դա անցյալում միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն: Այսինքն, հայրենադարձվողը կամ քաղաքացիություն ստացողը որոշ ժամանակ քաշքշվելուց հետո կարող էր ավելի հակված լինել ներվերը և ժամանակը խնայելու համար կաշառքով հարցը լուծել: Հիմա հարցն ինչ-որ առումով լուծված է: Այդ համակարգն անհեթե է: Իսկ երկրորդ պատճառը մեր մշակույթի խնդիրն է. մարդիկ վատ են վերաբերվում նոր քաղաքացիներին կամ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողներին: Մեր պետական ծառայողների մոտ նման խնդիր կա: Դուք ինձնից երկար եք ապրում Հայաստանում, ինձնից լավ գիտեք»,- ասել է Սինանյանը, փոխանցում է Factor.am-ը:

Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին` Սինանյանը նշել է, որ «ախտորոշում են ամբողջ գործընթացի արատավոր բնույթը» և դրա հիման վրա լուծումներ են առաջարկելու:

Ըստ Սփյուռքի գործերով հանձնակատարի՝ իր կինն այս պահին գտնվում է Հայաստանում, ուզում է իր քաղաքացիության թղթերը ստանալ և նույն «անհեթեթ քաշքշուկի» զոհն է դարձել:

Վարչապետը Սինանյանին հանձնարարել էր հայրենադարձների շրջանում հարցումներ անել նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմել համապատասխան օրակարգ և այն փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով պիտի ղեկավարի այդ հարցերը լուծելու գործընթացը: