27 փետրվարի 2020 - 17:24 AMT
Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը վերականգնվել է

Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» գեղանկարը վերականգնվել է և նկարչի 140-ամյակի առթիվ կներկայացվի հանրությանը։

Հոբելյանի կապակցությամբ փետրվարի 28-ին և նրա ծննդյան օրը՝ փետրվարի 29-ին, Երևանում մի շարք միջոցառումներ կլինեն, փոխանցում է A1plus-ը:

«Փետրվարի 28-ին՝ ժամը 12-ին, լինելու ենք Սարյանի արձանի մոտ՝ ծաղկադրման, այնտեղից շարժվելու ենք Կոմիտասի անվան պանթեոն, հետո Իսահակյանի գրադարանում տեղի կունենա «Հուշեր Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը»,- ասել է Սարյանի թոռնուհի, տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը։

«Կոստանդնուպոլսի շները» գեղանկարը վնասվել էր ջրից դեռևս նկարչի կենդանության օրոք: Կտավը Սարյանի տուն-թանգարանի հավաքածուում գտնվող միակ նկարն է այն շրջանից, երբ նկարիչը երկու ամսով ապրել է Կոստանդնուպոլսում։ 110 տարի առաջ՝ 1910թ փետրվարի վերջին Մարտիրոս Սարյանը մեկնել էր այնտեղ՝ Արևելքի բնությունը և մարդկանց նիստ ու կացն ուսումնասիրելու։

Սարյանի տուն-թանգարանի տնօրենը նշել է նաև, որ մարտի 20-ին կներկայացվեն նկարչի՝ «Ալմաստ» օպերայի համար արված էսքիզները։

Մարտիրոս Սարյանը հայ նկարիչ է, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ: Սարյանը հեղինակել է «Մոր դիմանկարը», «Հայաստան», «Նատյուրմորտ», «Եգիպտական դիմանկար» և մի շարք այլ հայտնի ստեղծագործություններ: Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին: Գեղանկարչի դին ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։