27 փետրվարի 2020 - 17:51 AMT
ՀՀ դեսպանը ԶԼՄ-ում Սումգայիթի ջարդերի մասին զրպարտության հարցով դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակված սումգայիթյան ջարդերի մասին հոդվածի առնչությամբ դիմել է ՌԴ Գլխավոր դատախազություն:

Լև Ասկերովի հեղինակած հոդվածում ասվում է, թե 1988-ի իրադարձությունները հրահրել են Բաքվի և Ստեփանակերտի եկեղեցականները, որոնք նախապատրաստում էին հայ քարոզիչ գրոհայիններին:

Տողանյանը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին ասել է, որ հերքում չի պահանջելու պարբերականից, այլ արդեն իսկ դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ պահանջելով ստուգում սկսել ազգային թշնամանքի, այլատյացության և կրոնոկան անհանդուրժողականության բորբոքման փաստով:

«Այն, ինչ տպագրվել է «Նեզավիսիմայա գազետայում», մենք համարում ենք պիղծ, անընդունելի և քրեորեն պատժելի»,- ասել է ՀՀ դեսպանը՝ հավելելով, որ դիմել է նաև Ռոսկոմնադզոր:

«Այնուամենայնիվ, ԶԼՄ-ն ինչ-որ առումով պատասխանատվություն է կրում այս կամ այն տեղեկատվության համար: Պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը զրպարտության, միմյանց հանդեպ ատելություն բորբոքելու մասին է: Ուստի, ես դիմել եմ դատախազություն, ոչ միայն ես, այլև հայկական հասարակական կազմակերպությունները: Դիմել ենք նաև Ռոսկոմնադզոր՝ պարզելու, արդյոք չի խախտվել ԶԼՄ-ների մասին օրենքը, ԶԼՄ-ի արտոնագրման պայմանները»,- նշել է նա:

«Ռուսաստանի հայերի միությունը» փետրվարի 26-ին դիմել էր «Նեզավիսիմայա գազետային»՝ պահանջելով հերքել «Սումգայիթյան ողբերգություն. Ինչից ամեն ինչ սկսվեց և ինչպես տեղի ունեցավ» հոդվածում շարադրվածը:

«Գովոիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, լրագրող և հաղորդավար Ռոման Բաբայանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Նեզավիսիմայա գազետայի» Սումգայիթի իրադարձությունների մասին հոդվածին, գրել է. «Ես, իհարկե, գիտեմ, որ լրագրողների շրջանում կան ծախվածներ, բայց միամտաբար կարծում էի, որ նույնիսկ այս «գործընկերների» կատեգորիայում կան սահմաններ, որոնք չի կարելի հատել... Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն: Այլ բառեր դժվար է գտնել: Որպես մի մարդ, որն անցել է Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերի այդ ամբողջ սարսափի միջով, կարող եմ ասել, որ եթե կարող եք գումարով հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ուրեմն պարզապես սրիկաներ և ստահակներ եք»: