28 փետրվարի 2020 - 12:01 AMT
Կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութը Նուբար Աֆեյանի ընկերությունն է մատակարարել

Moderna Therapeutics ընկերությունը, որի համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է, կորոնավիրուսի դեմ պայքարող պատվաստանյութի առաջին խմբաքանակն է ուղարկել փորձարկման, հայտնում է Time-ը:

Խմբաքանակն ուղարկվել է ԱՄՆ-ի ազգային առողջապահական ինստիտուտի Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ (NIAID), որտեղ ապրիլին պատրաստվում են մարդկանց վրա թեստավորել կորոնավիրուսի պատվաստանյութը:

Moderna-ն պատվաստանյութը ստեղծել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում, գենետիկ նոր մեթոդով:

Հունվարի սկզբին չինացի գիտնականները հրապարակել էին նոր տիպի վիրուսի նուկլեոտիդային հաջորդականությունը, ինչը թույլ տվեց մասնագետներին սկսել պատվաստանյութի մշակման աշխատանքները:

Որպես գյուտարար, ձեռներեց և գլխավոր տնօրեն՝ Նուբար Աֆեյանն իր 30-ամյա գործունեության ընթացքում համահիմնադրել և օգնել է կայանալ 40 հաջողակ նորաստեղծ ընկերության։ Նա նաև Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է և գլխավոր գործադիր տնօրենը: Ընկերությունը մարդու կյանքին առնչվող գիտաճյուղերում իրականացնում է համակարգային նորարարություններ, որոնք բարելավում են մարդու առողջությունն ու մարդկային կայուն զարգացումը: 2015-ին նա համահիմնադրել է նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։