28 փետրվարի 2020 - 12:03 AMT
Վաշինգտոնը թուրք-սիրիական բախումներում սատարում է Անկարային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ մտահոգված է Սիրիայում թուրք և սիրիացի զինծառայողների միջև բախումներով և ստեղծված իրավիճակում սատարում է Անկարային: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը:

Իսլամիստների ու թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբում 33 թուրք զինվոր է սպանվել: BBC-ի հաղորդմամբ` Անկարան հարվածի ու թուրք զինվորների զոհվելու մեջ մեղադրել է Դամասկոսին։Հարվածից հետո Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ է գումարել, որի արդյունքում ընդունված հայտարարությամբ վրեժ է խոստացել սիրիական կողմին։ Երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգի հետ.վերջինս աջակցությունն է հայտնել Անկարային։

«Մենք պահպանում ենք կապը Թուրքիայի իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով հաստատում ստանալ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ և պարզել ընթացիկ վիճակը տեղերում»,- ասել են Պետքարտուղարությունում:

Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ-ն «շարունակում է կոչ անել անհապաղ դադարեցնել ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) այդ զազրելի հարձակումը»:

«Ինչպես հայտարարել են ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը, մենք քննարկում ենք, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել Թուրքիային այս ճգնաժամում»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայում պաշտպանում են հակամարտող կողմերին․ տարեսկզբից իսլամիստների ու թուրքամետ ուժերի կողմից վերահսկվող Իդլիբում վերսկսել են մարտերը, որոնց արդյունքում Ասադի բանակը մի շարք կարևոր տարածքներ է գրավել։ Թուրքական ու ռուսական ուժերը մի քանի անգամ հայտնվել են բախման եզրին․ իրավիճակը կայունացնելու դիվանագիտական փորձերն արդյունքի չեն հասել։