Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդության դեպք փետրվարի 28-ի առավոտի դրությամբ չկա:
«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել: Եվ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի:)Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել»,- ասվում է գրառման մեջ:
Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 95 հետազոտություն է անցկացվել, բոլոր արդյունքները բացասական են եղել։ ՀՀ-ն սահմանափակել է հաղորդակցությունն Իրանի հետ ու կոչ արել քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ Չինաստան, Իրան, Իտալիա, Ճապոնիա ու Հրվ․ Կորեա այցելություններից։
Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովի փետրվարի 28-ի տվյալներով, կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2788-ի, 24 ժամում հիվանդների քանակն ավելացել է 44 մարդով: Վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 327-ով և մայրցամաքային Չինաստանում հասել է 79,000-ի: