28 փետրվարի 2020 - 13:57 AMT
Մահացել է Սու-34-ի գլխավոր կոնստրուկտոր Մարտիրոսովը

Մահացել է բազմաֆունկցիոնալ Սու-34-ի կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը:

«Ցավոք, փետրվարի 27-ին 85 տարեկանում մահացել է Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը»,- ասել է ավիացիոն-շինարարական ոլորտից ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Մարիտիրոսովի անմիջական տեխնիկական ղեկավարությամբ են մշակվել և կյանքի կոչվել Սու-34-ի հիմնական տեխնիկական լուծումները: Նա իրականացրել է կործանիչի մշակման, կառուցման, փորձարկումների և Նովոսիբիրսկի գործարանում սերիական արտադրության դնելու տեխնիկական ղեկավարումը:

Մարտիրոսովը ծնվել է 1935-ի հոկտեմբերի 6-ին՝ Մոսկվայում: Սուխոյի կոնստրուկտորական բյուրո եկել է 1959-ին՝ ավարտելով Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտը: Մարտիրոսովը տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառույցում մինչև գլխավոր կոնստրուկտոր դառնալը: Նա մասնակցել է Սուխոյի բյուրոյում ստեղծված բազմաթիվ ինքնաթիռների ստեղծմանը, այդ թվում՝ Սու-24-ի և Սու-24Մ-ի:

Մարտիրոսովը պատվավոր ավիաշինարար է, պարգևատրվել է Բարեկամության «Պատվո նշան» շքանշաններով:

Photo. TASS