28 փետրվարի 2020 - 13:58 AMT
Փայլանը պահանջել է, որ Էրդողանին «գյավուր» բառի համար զգուշացում արվի

Թուրքիայի Միլի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նախագահից պահանջել է «գյավուր» բառի համար զգուշացման մեխանիզմ կիրառել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ:

Նրա դիմումի մեջ նշված է, որ Էրդողանը՝ նկատի ունենալով քրիստոնյաներին, օգտագործել է «գյավուր» բառը փետրվարի 26-ին իշխող կուսակցության ժողովում ելույթում, տեղեկացնում է «Ակոսը»:

Փայլանը պահանջել է, որ խորհրդարանի նախագահը կատարի իր անմիջական պարտականությունը և պատշաճ զգուշացում անի ատելության խոսքի վերաբերյալ:

Ավելի վաղ Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել էր Թուրքիայի ՆԳ նախարարին՝, հետաքրքրվելով, թե արդյոք գերատեսչությունը հետաքննել է հուղարկավորության ժամանակ սադրանքը և հայտնաբերել մեղավորներին:

Տրապիզոնում հուղարկավորությունից 1 ամիս էլ չանցած, անհայտ անձիք պղծել էին «Սանտա Մարիա» կաթոլիկ եկեղեցու անդամներից մեկի գերեզմանը: Չարագործները պոկել են հունվարի 18-ին հուղարկավորված Զեհրա Չոլաքի շիրիմին ժամանակվոր ամրացված փայտե խաչն ու այրել այն հենց գերեզմանի կողքին:Դեպքի վերաբերյալ Տրապիզոնի ոստիկանության վարչություն հաղորդում է ներկայացրել հանգուցյալի այրին, որից հետո հետաքննություն է սկսվել: