28 փետրվարի 2020 - 15:51 AMT
Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող

Մոսկվայում ավարտված շախմատի Աէրոֆլոտ Օփեն-ի B մրցաշարում հաղթել է գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը։ Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Հարությունյանը նաև 13 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը։ Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով գրավել է 7-րդ հորիզոնականը:

Մրցաշարում հաջող են հանդես եկել Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը։

Դանիելյանն ընդհանուր հաշվարկում գրավել է 11-րդ հորիզոնականը, իսկ կանանց հաշվարկում ցույց է տվել լավագույն արդյունքը և արժանացել հատուկ մրցանակի։ Սարգսյանը 31 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը և 3-րդ անգամ լրացրել տղամարդկանց միջազգային վարպետի նորման։ ՖԻԴԵ-ի խորհրդի հաջորդ նիստին նրան կշնորհվի այդ կոչումը։

6,5 միավորով Աէրոֆլոտ Օփենի գլխավոր մրցաշարի հաղթող է դարձել Ադրբեջանը ներկայացնող 14-ամյա միջազգային վարպետ Այդըն Սուլեյմանլին։ Մանուէլ Պետրոսյանը գրավել է 8-րդ հորիզոնականը։ Գաբրիել Սարգսյանը վաստակել է 5,5, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը՝ 4,5-ական միավոր։