28 փետրվարի 2020 - 16:00 AMT
Մարտին նորմայից 1-2 աստիճանով տաք կլինի

Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է սովորականից տաք, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա հավելել է, որ ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։

«Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+25, նախալեռնային գոտում +18․․․+20, լեռնային գոտում +10․․․․+15 աստիճանի։

Առանձին օրեր (3-4 օր) արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 0․․․-4, նախալեռնային գոտում -4․․․-6, լեռնային գոտում -7․․․․-10 աստիճանի»,- ասվում է գրառման մեջ:

Փետրվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև: