28 փետրվարի 2020 - 17:16 AMT
ՀՔԾ. Պապիկյանը տուժող է իր անձնական տվյալների հրապարակման քրգործով

Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանարքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրգործի շրջանակում ճանաչվել է տուժող: PanARMENIAN.Net-ին այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Այլ մանրամասներ այդ գործի մասին դեռ չեն հաղորդվում:

Փետրվարի 13-ին Hraparak.am-ը գրել էր, որ Պապիկյանը դատվածություն է ունեցել: Ըստ աղբյուրի՝ Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով (այն է՝ պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»): Մեկնաբանելով ԶԼՄ-ի հրապարակումը՝ Պապիկյանն ընդունել էր մարված դատվածության փաստը, հերքել զենքի գործադրումն ու նշել, որ դա Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի գործունեությունը մրոտելու փորձ է:

Փետրվարի 20-ին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել Hraparak.am-ի «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» և Lragir.am-ի «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերնագրով հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքով:

Նախարարը ակնարկել էր, որ տեղեկությունը հասու է բարձրաստիճան ուժայիններին ու ասել, որ իրավապահ համակարգից տվյալ անձը կամ անձիք զբաղված են եղել իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով։ «Տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից», - հայտարարել էր նա։ Այդ արտահայտությունն իր հրապարակային հայտարարություններում բազմիցս արել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Նա այդ խոսքերով էր ավարտել պաշտոնից ազատման իր դիմումը։