28 փետրվարի 2020 - 22:35 AMT
Թեհրանից, հնարավոր է, վերջին ինքնաթիռը Երևան է ժամանել՝ 82 քաղաքացիով

Թեհրանից ժամանել է հերթական և, կարծես, այս պահին վերջին ինքնաթիռը` ՀՀ 82 քաղաքացիով, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ», - նշել է նա։

Նախարարը հավելել է, որ մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական։

Հայաստանը փետրվարի 25-ից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Ըստ որոշման՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու մասամբ սահմանափակվել է Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ։ Իրանից Հայաստան ինքնաթիռներով տարհանվել են ՀՀ քաղաքացիներ, երկիր եկող բեռնատարները ոստիկանությունն է ուղեկցում: